Արթուր Ջանիբեկյանը, Ռուբեն Վարդանյանն ու ևս 83 հոգի հորդորում են ազատ արձակել Չալաբյանին

Ավետիք Չալաբյան
Գործընկերները երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանը վտանգ չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ հանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերները համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հրապարակվել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Նրանք ընդգծել են, որ Չալաբյանի նկատմամբ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքի բովանդակությունը և հանգամանքները, ինչպես նաև կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը կասկածելի և անընդունելի են շատերի համար։ Գործընկերները ստորագրահավաք են կազմակերպել և ՀՀ իշխանություններին հորդորել են վերանայել կայացրած որոշումներն ու անհապաղ ազատ արձակել Չալաբյանին։

«Նրան երկու ամսով ազատազրկելու որոշումը, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգը Ավետիք Չալաբյանին համարում է արդարադատության իրականացման տեսանկյունից վտանգավոր: Մենք` ներքոստորագրյալներս, անձամբ ճանաչելով Ավետիքին և բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունն ու ներդրումները, մասնագիտական կարողություններն ու գործնական կապերն աշխարհում, համարում ենք, որ նրա նկատմամբ կատարվածը ոչ միայն որոշակի վերաբերմունք է քաղաքական այլակարծությանը, այլև մեծ հարված է հասցնում հայրենադարձությանը, անվտանգությանը և Հայաստանի հեղինակությանը»,- նշված է հայտարարությունում:

Գործընկերներն իրենց հայտարարությամբ երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանը վտանգ չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Հայտարարությունն 85 մարդ է ստորագրել, որոնց թվում են «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր. Դավիթ Փախչանյանը, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։