Արտարժույթի փոփոխությունը կարճաժամկետ կտրվածքով ազդեցություն չի թողնի ապրանքների գնի վրա, իսկ արագ արձագանք կարող է լինել կատարյալ մրցակցային իրավիճակի դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը։
Ըստ նրա` նման իրավիճակը ենթադրում է, որ շուկայի մասնակիցներից մեկը կարող է հետագայում պլանավորել, որ արտարժույթի նվազման պարագայում հետագա գնումներն ունենալու են այլ հաշվարկներ, և խմբաքանակի որոշակի պակասը գների նվազման դեպքում կարելի է կոմպենսացնել հետագա գնման ժամանակ և, զուտ մրցակցությունից ելնելով, որոշակի կարճաժամկետ գործողություններ իրականացնել, սակայն մեզ մոտ նման իրավիճակ չկա։
«Ավելին` ունենք մեկ այլ պարադոքս, երբ նույն դոլարի թանկացման դեպքում տնտեսվարողները շատ արագ սպառողական ապրանքների գները բարձրացնում են այդ հիմնավորմամբ, սակայն հակառակը տեղի չի ունենում։ Այս ամենի պատճառը մեծապես պայմանավորված է պետական վերահսկողական մեխանիզմների անգործության կամ առնվազն անարդյունավետ գործելու հանգամանքով»,– ասաց տնտեսագետը։
Ամիրխանյանի գնահատմամբ`երբ պետական վերահսկողությունը պատշաճ մակարդակում չէ, առևտրային և մասնավոր որոշ կազմակերպություններ կարող են գերշահույթ ստանալու տրամաբանությամբ գործել, ինչին վերջին շրջանում ականատես ենք եղել բազմաթիվ անգամ` հաշվի առնելով նաև արտաքին գործընթացները։
Տնտեսագետի համոզմամբ` նման իրավիճակում առաջնային անելիք ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
«Բայց այդ կառույցը, ցավոք, հայտնի է դանդաղ գործելակերպով, գուցե գործիքակազմի ոչ արդյունավետ և օպտիմալ լինելու պատճառով, և հաճախ, երբ շուկայի վերաբերյալ կատարվում է վերլուծություն, ապա նույնիսկ խախտում հայտնաբերելու և որևէ տուգանք նշանակելու դեպքում առաջանում է շատ պարզ հարցադրում, թե գերշահույթ ստացած տնտեսվարողի համար արդյոք ավելի ձեռնտու չէ պահից օգտվելով ստանալ գերշահույթներ, թեկուզ հետագայում դրանց որոշ մասը տուգանքներին ուղղելու համար»,– նշեց տնտեսագետը։
Ամիրխանյանը կարևորեց պետական վերահսկողությունը նաև այն առումով, որ բարձր մրցակցային իրավիճակ (հատկապես ներկրվող ապրանքների մասով) չունենք։ Ըստ նրա` և՛ արտաքին, և՛ ներքին գնաճային ճնշումներն այնքան շատ են, որ անհրաժեշտ է առանձին վերլուծություն` հասկանալու, թե կոնկրետ տարադրամի փոխարժեքի տատանումները ինչ համամասնական ազդեցություն ունեն գների վրա, բայց դա որևէ կերպ չի նվազեցնում պետական պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը։
Նշենք, որ ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր մարտի 11-ին` հասնելով 518.28 դրամի։ Դրանից հետո դոլարի փոխարժեքը սկսել էր ինտենսիվ նվազել` մայիսի 17-ի դրությամբ կազմելով 454.8 դրամ։ Ռուսական ռուբլին ՀՀ դրամի նկատմամբ, հակառակը, եթե կոնֆլիկտի առաջին օրերին կտրուկ արժեզրկվել էր, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն գերազանցել է անգամ նախակոնֆլիկտային փոխարժեքը։ Այսպես` եթե փետրվարի 22-ին ռուսական ռուբլու` ԿԲ–ի սահմանած փոխարժեքը 6 դրամ էր, մարտի 7-ին այն հասավ նվազագույն 3.74 դրամի, իսկ այսօր արդեն 7.89 դրամ Է։