ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին անհետացած 63-ամյա ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Արցախում կորած ՀՀ քաղաքացին ողջ է գտնվել»,– ասաց նա։
Թադևոսյանն ասաց, որ այլ մանրամասների առայժմ չի տիրապետում։ Ավելի ուշ գերատեսչությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ս.Մ.-ն տեղանքում չկարողանալով կողմնորոշվել՝ կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան 07:30-ի սահմաններում Ս. Մ-ն նկատելով ճանապարհը դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:
Հիշեցնենք` մայիսի 22-ի առավոտյան Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացին անհետացել էր Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում։
63-ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից է։ Նա խմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել։