Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել մինչև 20 տարի․ ֆրանսիացի դիվանագետ

Կլեման Բոնի կարծիքով՝ անազնիվ կլինի ասել, որ Կիևը կարող է ԵՄ-ին անդամակցել կես տարվա ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել մինչև 20 տարի։ Radio J-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից եվրոպական հարցերով պատվիրակ նախարար Կլեման Բոնը։

«Մենք պետք է ազնիվ լինենք։ Եթե ասենք, որ Ուկրաինան ԵՄ կմտնի կես, մեկ կամ երկու տարի հետո, ապա դա ճիշտ չի լինի։ Հնարավոր է, որ այդ գործընթացը տևի 15 կամ 20 տարի։ Դա շատ երկար գործընթաց է»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակներ: Միաժամանակ, պաշտոնական Կիևը կարևոր է համարում ԵՄ-ին անդամակցելու առաջնահերթ թեկնածուի կարգավիճակ ստանալը։