ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Շվեդիայի ու Ֆինլանդիայի պատվիրակությունների բարձր մակարդակով այցը Թուրքիա կասեցվել է, երկրները սպասում են Անկարայի պատասխանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ։ Երկրները չեն կարող ՆԱՏՕ ընդունվել առանց դաշինքի բոլոր անդամների միաձայն հաստատման։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները պետք է մեկնեին ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների։ Շվեդիան նույնիսկ հայտարարել էր, որ երկու երկրների արտգործնախարարները Անկարա կայցելեն։ Սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Թող իրենց նեղություն չտան»։ Նրա հայտարարությունից հետո դադար եղավ։ Երկու երկրներն առաջարկել են փոխնախարարների մակարդակով պատվիրակություն ուղարկել։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցություններից հետո շաբաթ օրը հայտարարվել է, որ օրակարգում կարող է լինել Թուրքիայի պատասխանը առաջարկին», - գրում է Milliyet-ը։
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն տրամադրված է առճակատման գնալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումն ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: