Շուշիում Արամ Մանուկյանի փողոցը վերանվանել են Աթաթուրքի անունով

Շուշի քաղաքը. Արխիվային լուսանկար
Բերդաքաղաքի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո ակտիվորեն ընթանում է փողոցների անվանափոխություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Օկուպացված Շուշիի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի անունով։ Twitter- ի իր էջում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել այս կապակցությամբ։
«Շուշիի գլխավոր փողոցներից մեկը կոչվում է «Աթաթուրքի փողոց»։ Շնորհակալություն»,- գրել է նա։
Նշենք, որ փողոցը կոչվում էր Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Արամ Մանուկյանի անունով։ Այս փողոցը ձգվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու հարևանությամբ՝ հատվելով Ղազանչեցոց փողոցին։
Հավելենք, որ Շուշիի օկուպացումից հետո ադրբեջանցիներն ակտիվորեն վերանվանում են փողոցները՝ հայկական անունները փոխարինելով ադրբեջանականով։
Նշենք, որ Yandex Map-ում անվանափոխությունն արդեն արտացոլված է։