Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ

Հաստատված դեպքեր են արձանագրվել եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ- ում, Կանադայում, Ավստրալիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել»,- գրել է խոսնակը։
Նա կոչ է արել հանրությանը սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ չտարածել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՀԿ տվյալներով՝ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը ոչ էնդեմիկ երկրներում հասել է 92-ի։ Հիվանդության հետ կապված մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։

Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։