Բրիտանացուն կարող է մահապատիժ սպառնալ Իրաքից հնագիտական արժեքներ դուրս բերելու փորձի համար

Հնագիտական 12 գտածոները վերագրվում են շումերական ժամանակաշրջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իրաքի դատարանը քննում է բրիտանացու և գերմանացու դեմ քրեական գործը, որոնք մեղադրվում են հնագիտական արժեքների մաքսանենգության փորձի մեջ։ Մեծ Բրիտանիայի հպատակին կարող է ընդհուպ մահապատիժ սպառնալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի Shafaq լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ մեղադրանք է առաջադրվել 66-ամյա բրիտանացի կենսաբան Ջեյմս Ֆիտոնին և 60-ամյա գերմանացի հոգեբան Վոլկեր Վալդմանին, որոնք մարտ ամսին տուրիստական խմբի կազմում Իրաք են ժամանել: Երկուսն էլ ձերբակալվել են Բաղդադի օդանավակայանում մարտի 20-ին, շումերական դարաշրջանի հնագիտական 12 նմուշներն արտահանելու փորձ անելիս:

Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 15-ին, երկրորդն՝ այսօր։ «Դատավորը հայտարարել է, որ մեղադրյալների դեմ գործ է հարուցվել «Իրաքի պատմական ժառանգության մասին» օրենքի 41-րդ հոդվածով։ Հոդվածը նախատեսում է մահապատիժ ՝ Իրաքից հնագիտական օբյեկտները դուրս բերելու կամ դուրս բերելու փորձի համար»,- գրում է գործակալությունը։
Ֆիտոնը դատարանում հայտարարել է, որ անգամ կասկած չուներ 12 նմուշների պատմական արժեքի մասին։ Նրա խոսքով՝ դրանք նա գտել է Իրաքի Դի-Կար նահանգում երկու հնագիտական հուշարձաններ այցելելիս: