ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ դժգոհություն են հայտնել թուրք ոստիկանների գործողությունների գնահատականի կապակցությամբ։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դժգոհության պատճառ է դարձել ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը:
Ավելի վաղ դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ էր արել իր քաղաքացիներին ավելի զգույշ լինել Ստամբուլի հանրահավաքի ժամանակ, քանի որ թուրք իրավապահները կարող են կոշտ գործել: Այդ գնահատականը դուր չի եկել Թուրքիայի ղեկավարությանը։
Հանրահավաքը տեղի է ունեցել անցած շաբաթ Թուրքիայի խոշորագույն քաղաքում, այն կազմակերպել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։
«Դեսպանին ասել են, որ հանրահավաքների ժամանակ թուրքական անվտանգության ստորաբաժանումների կիրառած միջոցների մասին պնդումներն անհիմն են», - գործակալությանը տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
Թուրքական կողմը խոսել է ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի անհամաչափ կիրառումը լուրջ խնդիր է։
Նշվել է, որ անթույլատրելի է տպավորություն ստեղծել, որ այդ առումով լուրջ խնդիր կա նաև Թուրքիայում, որտեղ «հանրահավաքները ժողովրդավարության վաղեմի ավանդույթ են»: