Տարազից մինչև գրաֆիկական հավաքածուի և ֆիլմի ցուցադրում. Գյումրիում թանգարանային գիշեր է

Գյումրու համայնքապետարանի ենթակայության թանգարանները՝ միանալով Թանգարանների գիշեր ամենամյա միջոցառմանը, մինչև կեսգիշեր բաց կլինեն գյումրեցիների ու քաղաքի հյուրերի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գյումրու թանգարաններն ամեն ինչ արել էին Թանգարանների գիշերվան յուրովի ներկայանալու համար։ Թանգարանամերձ բացօթյա տարածքներում, առցանց հարթակում և թանգարանների ներսում օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներ էին նախատեսված:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
Ինչպես միշտ, այս անգամ ևս ամենամարդաշատը Վարպետաց փողոցն էր: Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում տեսաֆիլմի ցուցադրություն էր, թեմատիկ զրույցներ, իսկ բակում՝ «Զանան» մշակութային կենտրոնի «Ավանդատուն» հայկական տարազների ցուցադրությունը:

«2019 թվականից ստեղծվող հավաքածուն պարբերաբար ավելանում է: Հայաստանի տարբեր շրջանների տարազներն են, որոնք փորձում ենք հնարավորինս կրկնօրինակել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Զանանի» համահիմնադիր Հասմիկ Խաչատրյանը, նշելով, որ Թանգարանային գիշերը՝ ինչպես թանգարանների, այնպես էլ «Զանանի» նման կառույցների համար հանրությանն իրենց աշխատանքները ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է:

Ի դեպ, «Զանանի» ցուցադրության մասնակիցները պրոֆեսիոնալ մոդելներ չէին, սակայն դա չխանգարեց թանգարանի բակում հավաքված հանդիսատեսին գեղեցիկ ներկայացնել հայկական տարազները:
«Զանան» մշակութային կենտրոնի «Ավանդատուն» հայկական տարազների ցուցադրության մասնակից
«Հայկականը, ավանդականն ու ազգայինը ցուցադրելն ինձ համար մեծ պատիվ է: Ուրախությամբ ոչ միայն հիմա եմ կրում այս հագուստները, այլ նաև առօրյայում կկրեմ. շատ գեղեցիկ են ու տարբերվող»,- նշում է Շիրակի պետական համալսարանի ուսանողուհի Գայանե Կիրակոսյանը:
«Զանան» մշակութային կենտրոնի «Ավանդատուն» հայկական տարազների ցուցադրության մասնակից
Օրվա ընթացքում մարդաշատ էին նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Մհեր Մկրտչյանի թանգարաններն ու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
Ասլամազյան քույրերի պատկերասրահում որպես նորույթ «Լենինական» լուսանկարների ֆոտոշարքն էր, Գյումրու պատմության թանգարանում՝ «Տարազը եվրոպական փորագրության մեջ» գրաֆիկական հավաքածուի ցուցադրությունը, Գյումրու համայնքային ցուցասրահում՝ «Անկախության ժամանակակիցները» 90-ականների հայկական գրաֆիկան, «Սթիլ» պատկերասրահում՝ «Արվեստը և մենք» նկարչական ցուցահանդեսը:
Գյումրու պատմության թանգարան
Նշենք, որ Թանգարանային գիշերը ևս մեկ առիթ դարձավ մշակութային քաղաքի հարստությունը նաև զբոսաշրջիկներին ներկայացնելու համար:
«Զանան» մշակութային կենտրոնի «Ավանդատուն» հայկական տարազների ցուցադրությունը