ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գերմանիայի և Իտալիայի իշխանությունները իրենց ընկերություններին տեղեկացրել են, որ նրանք կարող են ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազ գնելու համար` չխախտելով Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ այժմ ռուբլով վճարվող գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմի» հետ պայմանագիր ունեն շուրջ 54 ընկերություններ, որոնց կեսն արդեն հաշիվներ է բացել «Գազպրոմբանկում» ռուբլով վճարելու համար։
Reuters գործակալության աղբյուրների համաձայն` Բեռլինը գազի գերմանական ներկրողներին տեղեկացրել է, որ իրենք կարող են ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազի վճարման համար` չխախտելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Աղբյուրներից երկուսը հայտարարել են, որ այդ հարցում Գերմանիան գործել է ԵՄ-ի հետ սերտ համակարգմամբ։
Աղբյուրի համաձայն` Իտալիայի կառավարությունը նույնպես շփում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հետ և «նրանից պարզաբանում ստացել, թե ինչպես կարելի է ռուսական գազ գնել օրինական ճանապարհով»։
Աղբյուրը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել ավելի վաղ, քան Eni իտալական նավթագազային խմբի հայտարարությունը, որ սկսել է ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարելու համար ռուբլով և եվրոյով «Գազպրոմբանկում» հաշիվներ բացելու գործընթացը։