ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերների հետ

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի Խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ Միրզոյանը քննարկել է հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ հարցեր։
Օսմանիի հետ զրույցում ընդգծվել է 2 երկրի միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ–ում գալիք նախագահության շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։
Միրզոյանը նաև ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հասկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը։
Սելակովիչի հետ հանդիպմանն էլ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը։
Սերբիայի գործընկերոջը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները։