ՌԱԴԻՈ

Հայաստանում մսի խնդիր կլինի՞. պաշտոնյան` արտադրության ծավալների կրճատման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալների կրճատման խնդրին։
Sputnik
Այս պահին հստակ տարանջատված կենդանատեսակների մսի արտադրության ծավալների մասին խոսելը դեռ վաղ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը։
Խոզի մսի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (5.2%-ով): Ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են 17.3%-ով: Փոխարենը թռչնամսի արտադրության ծավալներն են ավելացել 8.9 անգամ. հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը։

«Ներկայացված վիճակագրական որոշակի տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է առևտրային կազմակերպությունների արտադրած մսի ծավալներին, ինչը, սակայն, չի կազմում համապետական ամբողջ պատկերը»,- ասաց Տեր-Իսահակյանը։

Նրա խոսքով` միայն տարեվերջին ակնկալվող վիճակագրական տվյալներից հետո հստակ պատկեր կլինի։
«Կենդանիներից ստացված արտադրանքի ելակետային տվյալները կապված են հաշվառված կենդանիների գլխաքանակի հետ, և եթե դիտարկում ենք 2022 թվականի տարեսկզբի տվյալները, ապա ունեցել ենք խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի որոշակի կրճատում, բայց դա, մեծ հաշվով, լուրջ խնդիր չէ այս պահին։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի շուրջ 8.8% նվազումը, բնականաբար, հանգեցնելու էր մսի արտադրության ծավալների որոշակի կրճատման»,- ասաց Տեր-Իսահակյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ 2022 թվականի հունվար-մարտին, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, արտադրվել է շուրջ 15.5 հազար տոննա համախառն միս, այդ թվում` տավարի, խոզի, մանր եղջերավոր կենդանիների և թռչնի։ Ընդ որում` անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 2.5%։
Տեր-Իսահակյանի խոսքով` ամենամեծ անկումն արձանագրվել է խոզերի գլխաքանակի պարագայում, միևնույն ժամանակ, արժևորվել է խոզի մսի գինը, սակայն այստեղ էլ կարևոր են շուկայական հարաբերությունները, և եթե լինի անհրաժեշտ պահանջարկ, դրան կհետևի համապատասխան առաջարկը։ Անցյալ տարվա համեմատ խոզի մսի արտադրության ծավալներն ավելի շատ են եղել, քան 2020 թվականին։ Ըստ նրա` չափազանց կարևոր է, որ մայրական կազմը մեծ հաշվով չկրճատվի, ինչը գլխաքանակի հետագա վերականգնման հիմնական նախապայմանն է։
Ինչ վերաբերում է մանր եղջերավոր կենդանիների, մասնավորապես՝ ոչխարի մսի արտադրության ծավալների անկմանը, Տեր-Իսահակյանն ընդգծեց, որ տվյալներն առնչվում են շատ կարճ ժամանակահատվածին, հետևաբար, մսի արտադրության ծավալներին առնչվող ցուցանիշներն ըստ տեսակների կարելի է ամփոփել տարվա վերջում։ Քանի որ մանր եղջերավոր անասունների գլխաքանակն է ամենաքիչը ցնցումների ենթարկվել, ապա, ըստ պաշտոնյայի, գլխաքանակի զգալի նվազման միտումներ չեն լինի։

«Էկոնոմիկայի նախարարության կողմից պետբյուջեի միջոցներով իրականացվում են աջակցության մի շարք ծրագրեր, այդ թվում՝ գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերին վերաբերող և սուբսիդավորմանն առնչվող ծրագրեր, որոնք միտված են անասնաբուծության խթանմանը։ Բացի դրանից, իրականացվում են թիրախավորված տոհմային անասնաբուծությանը վերաբերող զարգացման ծրագրեր, ինչպես նաև՝ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող սարքավորումների ֆինանսական վարձակալության կամ լիզինգի ծրագիրը, որոնք նպաստում են ոչ միայն ճյուղի կայացմանը, այլև գործիքների արդյունավետ օգտագործմանը»,- ասաց նա։

Տեր-Իսահակյանի խոսքով` շատ կարևոր է նաև անասնաբուծական արտադրանքի ապահովման և առհասարակ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից գյուղացիական կենդանիների պատվաստման ծրագիրը, որի շրջանակում մի շարք հիվանդությունների դեմ իրականացվում են կանխարգելիչ ու ախտորոշիչ միջոցառումներ, որպեսզի Հայաստանում անասնագլխաքանակը կայուն լինի, բայց մսի արտադրության ծավալներն ու գլխաքանակի աճը, ըստ նրա, պայմանավորված են ինչպես շուկայական հարաբերություններով, այնպես էլ արտաքին միջավայրի ազդեցության գործոններով։