ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ակաբեկչական կազմակերպություններին աջակցության տրամադրումն ու վերացնել թուրքական պաշտպանության դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Էրդողանը Շվեդիայի վարչապետին ասել է, որ Ստոկհոլմից ահաբեկչական կազմակերպություններին քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցությունը պետք է դադարեցվի։ Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ստոկհոլմի` Անկարայի դեմ պաշտպանական արդյունաբերությունում կիրառած պատժամիջոցները պետք է հանվեն»,– հայտնում է թուրք ղեկավարի գրասենյակը։
Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց հետո հրաժարվելով երկարամյա չեզոքությունից:
Թուրքիան ավելի ուշ հայտարարել է, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը` քրդական խնդրի նկատմամբ նրանց մոտեցումների պատճառով։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հիշեցրել է, որ թագավորությունն առաջիններից մեկն է, որ դեռևս 1984 թվականին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ)։