«Դիմադրություն» շարժումը մայիսի 22-ին հանրահավաք և երթ չի անցկացնի. կլինեն քննարկումներ

Քննարկում է լինելու նաև «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները» թեմայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները և նրանց կողմնակիցները մայիսի 22-ին հանրահավաք, երթեր և բողոքի այլ միջոցառումներ չեն հրավիրել։ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում քննարկումներ կանցկացնեն։

«Վաղը պատրաստվում ենք տարբեր թեմաներով քննարկումներ անցկացնել։ Հրավիրված են լինելու հանրային ու քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, այլ մասնագետներ։ Ժամը 14։00-ին այստեղ տեղի կունենա «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները» և այլ թեմաներով քննարկում»,- նշեց Սաղաթելյանը։

Ժամը 18։00-ին հրապարակում անցկացվելու է մշակութային ծրագիր, իսկ ժամը 20։00-ին քննարկումները կշարունակվեն։
Նա նաև հույս հայտնեց, որ վաղը Բրյուսելում հայերը «հատուկ ողջույններ» կփոխանցեն Նիկոլ Փաշինյանին, որը եռակողմ հանդիպում է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։