ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը սկսել է զբաղվել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։
Այսօր վանքն անմխիթար ու կիսավեր վիճակում է, լուրջ վերականգնման կարիք ունի։
Հայր Հովհաննեսը, որը Դադիվանքի վանահայր է եղել մի քանի տարի, այս ողջ ընթացքում զբաղվում էր դրա վերականգնմամբ։ Պատերազմից հետո նրան նշանակեցին Մարտակերտի եկեղեցու վանահայր, որտեղ նա հոգևոր ծառայությանը զուգահեռ զբաղվում էր վերանորոգման աշխատանքներով։
Մայիսի 7-ին նրան ուղարկեցին Հակոբավանք, չգործող վանք, որը հարուստ պատմություն և վերականգնման կարիք ունի։
Հակոբավանք
© Sputnik / Aram Nersesyan
«Սուրբ Հակոբավանք, կամ Մեծառանց վանք։ 7-րդ դարի կառույց է։ Մեծառանց է կոչվում, որովհետև այստեղ երեք կաթողիկոսների գերեզման է գտնվում, նրանք սուրբ են համարվում` Սուրբ Արիստակես, Սուրբ Սիմեոն և Սուրբ Հովհաննես։ Դրա համար էլ կոչվում է Մեծառանց` մեծերի տարածք։ Եվ Հակոբավանք է կոչվում, որովհետև ժամանակին Սուրբ Մծբնա Հակոբ հայրապետի աջը պահվել է այստեղ», – ասաց տեր Հովհաննեսը։
Ժամանակին այստեղ գտնվել է նաև եպիսկոպոսի նստավայրը։ Միջին դարերում վանքը ակտիվ ուխտագնացության վայր և ձեռագրատուն է եղել (այստեղ են գրվել մի քանի ձեռագիր ավետարաններ)։
Երբ նստավայրը Գանձասար է տեղափոխվել, վանքն աստիճանաբար անկում է ապրել։ Ի վերջո այն մասամբ ավերվել է (խորհրդային տարիներին այստեղ փորել են` գանձեր գտնելու հույսով)։
Վանքը երկու եկեղեցուց է բաղկացած։ Դրա տարածքում եղել է մատենադարան, անդունդի վրա կախված պատշգամբներով վանական խցեր, ջրամբարներ, թոնիրներ, բնակելի և տնտեսական շինություններ։
Եկեղեցու վերանորոգման ժամանակ տարբեր տարիներին խաչքարեր էին տեղադրում պատերի մեջ, տապանաքարեր (ամբողջությամբ), ինչը, եկեղեցականի խոսքով, դարձավ դրանց պահպանման ու մեզ հասնելու գրավականը։
Վանքի վերնանորոգման ժամանակ օգտագործված խաչքար
© Sputnik / Aram Nersesyan
Տեր Հովհաննեսը նշեց, որ վանքի վերականգնման մեծ ծրագիր է պատրաստ։ Աշխատանքների ժամկետներն ու ծավալները հովանավորներից են կախված։ Որոշ մարդիկ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել օգնելու, սակայն այդ օգնությունը բոլոր աշխատանքների համար չի բավականացնի։
Բացի բուն վանքի վերականգնումից, նախատեսվում է Քոլատակ գյուղից նոր ճանապարհ կառուցել (1,5-1,8 կմ), հոսանք և ջուր քաշել։
«Կսկսենք մի մասից, կվերանորոգենք առաջին փոքր եկեղեցին։ Առաջին հերթին կծածկենք տանիքը, կմաքրենք, քարերը կշարենք, կծածկենք, որ ծածկի տակ լինի, որ անձրևաջրերը չթափվեն ներս ու ներսի աշխատանքները անենք։ Գործող դարձնենք, որպեսզի ժողովուրդը իմանա, հասկանա, գա», – ասաց տեր Հովհաննեսը։
Նա նշեց, որ եկեղեցու վերականգնման գործում անփոխարինելի դեր են խաղում հասարակ քաղաքացիների փոքր նվիրատվությունները, նրանց ցանկացած օգնություն։ Աշխատանքները Գանձասարում և Դադիվանքում ապացուցել են դա։
«Թող բարերարներ լինեն, նվիրատուներ լինեն, բայց նաև ժողովուրդը մասնակցի էս հարցում, որպեսզի ժողովրդի հավատքը էլ ավելի զորանա, և ժողովուրդը էլ ավելի օրհնություն ստանա», – նշեց հայր Հովհաննեսը։
Բացի այդ, նա նախատեսում է Քոլոտակ գյուղից և եկեղեցուց քիչ հեռու մանկական ճամբար կազմակերպել մի քանի հարյուր երեխայի համար։