ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների կարգավորման գործում Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունն անհրաժեշտություն է։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը Թուրինում է Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերկայության ապահովմանը և ընդգծել դրանց կարևորությունը հատկապես հակամարտությունների համատեքստում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի Խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։