Վարդենիսում պայթեցրել են Սոթքի հանքի աշխատակցի ավտոմեքենան

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում ավտոմեքենա են պայթեցրել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 19-ին, ժամը 23։40-ի սահմաններում։ Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։
Տեղում պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում կայանված, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան պայթեցման միջոցով վնասել են։
Բարեբախտաբար տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Երևանում ծառն ընկել է մեքենաների վրա
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հրահաղորդիչ քուղ։
Կայքի տեղեկություններով` Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում։