Տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը Թուրինում
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտգործնախարարները քննարկել են հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր:
Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:
Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործընթացների վերաբերյալ։
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին, ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և պահվող մյուս անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: