ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Տավրոս Սափեյանը։
Հատկանշական է, որ նշանակումը տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ Թալինում ավագանու լիազորություններն արդեն դադարեցված են, և համայնքում նոր` արտահերթ ընտրություններ են նշանակված։
Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումն ընդունվել է մեկ շաբաթ առաջ` կառավարության մայիսի 13-ի նիստում։
Բանն այն է, որ Թալինի ընտրություններին մասնակցող 4 քաղաքական ուժերից` «Քաղաքացիական պայմանագիր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Հայք» լիբերալ կուսակցություն, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք, ձայների մեծամասնությունը՝ 46,6 տոկոսը, ստացավ ՔՊ-ն:
Դեկտեմբերի 17-ին կայացած ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ի ցուցակը գլխավորող, Թալինի գործող համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Հետագա 5 ամիսներին, սակայն, ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին ավագանու նիստերն, ու նորընտիր ղեկավարն այդպես էլ հնարավորություն չստացավ երդվելու ու իր պարտականությունները ստանձնելու` քվորումի բացակայության հիմքով:
Արդյունքում, առ այսօր ավագանին նիստ չի անցկացրել, քանի որ ավագանու նիստ հրավիրելու իրավունք ունի համայնքի ղեկավարը, իսկ Սափեյանը պաշտոնը չի ստանձնել։
Իրավական կազուսը լուծվեց միայն ՏԻՄ մասին օրենքի վերջին փոփոխություններից հետո, որով ՀՀ վարչապետին իրավունք վերապահվեց նման դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել։
Նշենք, որ Սափեյանի նշանակումն արդեն երկրորդն է օրենքի փոփոխությունից հետո։ Մինչ այդ, վարչապետն արդեն Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակել Արկադի Փելեշյանին, քանի որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։