ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 11 հազար օրինակ ուսումնական, գեղարվեստական և գիտամեթոդական գրականություն նվիրեց։
Դպրոցներին փոխանցված գրականությունը
© Sputnik / Aram Nersesyan
Հանդիսավոր արարողությունը կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում (Երևանի երկաթուղային կայարան)։
Միջոցառմանը ներկա էին Երևանի և ՀՀ մարզերի (Աբովյան, Աշտարակ, Հրազդան, Սևան, Մեղրի քաղաքների և Դիմիտրով ու Մրգաշատ գյուղերի) ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ 16 ավագ, հիմնական և միջին դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ միջոցառման անցկացման վայրը պատահաբար չի ընտրվել, քանի որ ՀԿԵ–ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է։
Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Aram Nersesyan
«Երկաթուղին ուղևորներին Գյումրի, Թբիլիսի և Բաթում հասցնելու ամենահարմար տարբերակն է։ Բոլորս սիրում ենք ճանապարհորդել։ Հուսով եմ, որ ՀԿԵ–ն կօգնի ճանապարհներ հարթել ամբողջ Հայաստանում և դեպի այլ երկրներ։ Անչափ հաճելի է, երբ գիրք ես կարդում անիվների ձայնի տակ։ Գիրքն էլ դեպի կյանք տանող ճանապարհն է։ Եվ թող այդ ճանապարհը երկար ու լուսավոր լինի, իսկ գրքերը ուղեցույց դառնան, պարկեշտության, կրթվածության և ազնվության չափանիշ լինեն»,– աշակերտներին դիմելով` ասաց նա։
ՀԿԵ փոխտնօրեն Օլեգ Շչուկինն էլ հավելեց, որ ընկերությունը կառաջարկի դպրոցականներին մասնակցել թիմաստեղծ միջոցառումների։
Օլեգ Շչուկին
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր որոշել ենք ծրագիրն այնպես կազմել, որ ցույց տանք` Հայաստանում երկաթգիծ կա, ինչպես նաև երկաթգծի պատմություն կա, ցույց տանք, որ մենք առաջ ենք գնում, բարձրտեխնոլոգիական աշխատատեղեր ենք ստեղծում, թարմացնում ենք մեր շարժակազմը, և այսօր դուք կկարողանաք նոր ու ժամանակակից գնացքում ծանոթանալ դրա աշխատանքին», – ասաց նա` ընդգծելով, որ դինամիկ զարգացող ՀԿԵ–ն թույլ է տալիս զարգացնել Հայաստանի տնտեսությունը։
Նշենք, որ ակցիայի բոլոր մասնակիցներն այցելեցին Հայաստանի երկաթուղու թանգարան, իսկ դպրոցականները մասնակցեցին ինտերակտիվ թիմային խաղերին։