ՀՀ-ում քաղցկեղի մոտ 9000 նոր դեպք է հայտնաբերվում տարեկան. բարձիթողի դեպքերի թիվը նվազել է

Օնկոլոգիական հիվանդություն ունեցողների համար բուժման ամենամեծ խնդիրը ֆինանսական կողմն է, քանի որ դեղորայքն ու մյուս ծառայությունները բավական թանկ են։ Պետությունն էլ դեռևս չի կարողանում ամբողջությամբ լուծել այդ հարցը, պետպատվերը մասամբ է ծածկում ծախսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, վերջին շրջանում ուռուցքային խնդիրներով հիվանդների քանակը շատանում է։
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար, ուռուցքաբան Լևոն Բադալյանը ասուլիսում հայտնեց, որ դա համաշխարհային խնդիր է և կապված է մարդկանց ապրելակերպի ու տարբեր վնասակար գործոնների ազդեցության հետ։
«Միևնույն ժամանակ, զարգանում են ախտորոշման և բուժման մեթոդները, որոշակի դրական միտումներ արդեն սկսում են նկատվել։ Մեր երկրում համեմատաբար նվազել է բարձիթողի դեպքերի թիվը, որոշ ասպարեզներում գրանցվում է բուժման արդյունավետության բարելավում։ Բայց և մեր երկրում քաղցկեղի մոտ 9 000 նոր դեպք է հայտնաբերվում տարեկան։ 10 տարի առաջ այդ թիվը չէր գերազանցում 8 000-ը»,- նշեց Բադալյանը։
Նրա խոսքով` քաղցկեղի բուժման գործում ամենակարևոր նախապայմաններից մեկը վաղ ախտորոշումն է։ Բնակչությունն այսօր ավելի իրազեկված է, ախտորոշման մեթոդներն ավելի զարգացած են, բազմաթիվ մեծ ու փոքր կլինիկաներ հագեցած են ախտորոշման սարքավորումներով և ծառայություններով։

«Նաիրի» ԲԿ-ի «Թամարա Աբգարյանի անվան ուռուցքաբանության ծառայության» հիմնադիր, ֆրանսահայ ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանն ընդգծեց, որ Ֆրանսիայում նույնպես գրանցվել է օնկոլոգիական հիվանդների թվի աճ, սակայն թոքի քաղցկեղով հիվանդանալու դեպքերը նվազել են։

«Սա կապվում է ծխախոտի դեմ պայքարի հետ, այնտեղ շուտ են սկսել այդ գործողություններն անել։ Ընդհանուր առմամբ էլ աճ է նկատվում, քանի որ օդն աղտոտված է, սնունդն էլ մաքուր չէ։ Ֆրանսիայում 50 տարեկանից հետո քաղաքացիներին ստիպում են բժշկի դիմել ու աղիքի բուժզննում անցնել, կանանց շրջանում՝ արգանդի վզիկից փորձանմուշ վերցնել։ Այդ երկրում կրծքի քաղցկեղի դեմ նույնպես պայքար կա, և բոլոր կանայք կարող են անցնել մամոգրաֆիա։ Այդ ծառայություններն անվճար են»,- ասաց Աբգարյանը։
Նա շեշտեց, որ ինքը արդեն 30 տարի անեսթեզիայի և վերակենդանացման ոլորտների վերաբերյալ նորություններ է ներմուծում Հայաստան, 10 տարի էլ օնկոլոգիական նորամուծություններ է բերում։ Դեռ 10 տարի առաջ քիմիաթերապիայի ժամանակ քաղցկեղով հիվանդներին դեղը ներարկում էին ձեռք հատվածից, սակայն Աբգարյանը ՀՀ է բերել հատուկ միջոց, որը դրվում է մաշկի տակ, ու այդպես է ներարկվում։

Լևոն Բադալյանն էլ փաստեց, որ վերջին 10 տարում Հայաստանում ուռուցքաբանության ոլորտը զարգացել է։ Նա անդրադարձավ նաև հիվանդության բուժման ֆինանսական կողմին և շեշտեց` ոլորտն առհասարակ թանկ է։

«Ախտորոշման ու բուժման համար կիրառվում են ժամանակակից սարքավորումներ, թանկարժեք դեղամիջոցներ։ Քաղցկեղով հիվանդ անձի համար առաջին խնդիրը ֆինանսական մասն է։ Բուժումը թանկ է և, ցավոք, պետությունը չի կարողանում ամբողջությամբ հոգալ հիվանդների ծախսերը։ Գործում է պետպատվեր, սակայն դա մասամբ է ծածկում բոլոր ծախսերը։ Այն պացիենտները, որոնք չունեն բավականաչափ գումար, նրանց բուժման որակը կարող է զիջել մյուսներին, որոնք կարողանում են հոգալ բոլոր ծախսերը»,- նշեց Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ամենաշատը մահանում են սիրտանոթային հիվանդություններից, երկրորդ տեղում նորագոյացություններն են, ապա շնչուղիների հիվանդություններն են, իսկ չորրորդ տեղում՝ մարսողական օրգանների հիվանդությունները։