ՀՀ ոստիկանությունում նշանակվել են ծառայողական 47 քննություններ, կան հարուցված քրգործեր

Կատարվող ծառայողական քննություններից 43-ը գտնվում են ընթացքի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 2022թ․ապրիլից սկսված ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով (հաղորդումներով) ՀՀ ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Կատարվող ծառայողական քննություններից 1-ը թողնվել է անհետևանք, 3-ը կասեցվել են, իսկ մնացած 43-ը գտնվում են ընթացքի մեջ»,–նշված է հայտարարության մեջ։
Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած դեպքերից 28-ի ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) կարգով։ Մի քանի դեպքով հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած որոշ դեպքեր բազմադրվագ են։
Հարկ է նշել, որ բացի այդ, քննվող 13 դեպքով վնաս է հասցվել ոստիկանությանը (3-ը ծառայողական և 1-ը անձնական ավտոմեքենաներին, 3-ը՝ ծանր վիրավորանք, 6-ը՝ բռնություն)։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։