ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Յուրա Բաբլումյանն արժանացել է արծաթե, իսկ Ոսկան Ոսկանյանը` բրոնզե մեդալի:
Բռնցքամարտիկները Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 4 մարզիկներով:
Նշենք, որ մայիսի 14-22-ը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում ընթանում է 16-18 տարեկան դպրոցականների համար նախատեսված ամենախոշոր սպորտային միջոցառումը՝ դպրոցականների օլիմպիական խաղերը կամ «Գիմնազիադա 2022»-ը, որին մասնակցում են 64 երկրների մարզիկներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում, ինչպես նաև պարալիմպիկ 3 մարզաձևերում։
Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 3 600 պատանի մարզիկներ, իսկ 1 500 կամավորներ օգնում են կազմակերպչական աշխատանքներում։