ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Գազպրոմ էքսպորտը» մայիսի 20-ին` մինչև աշխատանքային օրվա ավարտը, ֆիննական «Գազում» ընկերությունից ապրիլին մատակարարած գազի դիմաց ռուբլով վճարում չի ստացել, և մայիսի 21-ից դադարեցնում է մատակարարումը՝ մինչև ընկերությունը կվճարի դրա դիմաց նոր սխեմայի համաձայն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մայիսի 20-ին` աշխատանքային օրվա ավարտի դրությամբ (պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետն է), «Գազպրոմ էքսպորտը» «Գազումից» ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումներ չի ստացել։ Այդ առիթով «Գազպրոմ էքսպորտը» տեղեկացրել է «Գազումին»՝ 2022 թվականի մայիսի 21-ից գազի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ մինչ հրամանագրով նախատեսված կարգով վճարումներ իրականացնելու պահը», - ասվում է «Գազպրոմ էքսպորտի» հաղորդագրության մեջ։
Ապրիլին «Գազպրոմ էքսպորտը» «Գազումին» հայտնել է, որ պայմանագրով համաձայնեցված վճարումներն ապագայում պետք է իրականացվեն ռուբլով, այլ ոչ եվրոյով։ Սակայն «Գազումը» չի ընդունել ռուսական ընկերության առաջարկը և պայմանագրի կատարման հարցով արբիտրաժային դատարան է դիմել։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»: