Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ–ում Իտալիայի դեսպանը

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը վթարի մասին հաղորդագրության մեջ տուժողի ինքնությունը չի հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ–ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Իտալիայի դեսպանատնից։
Դի Ռիզոն վթարի է ենթարկվել Բեյրութ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում մայիսի 18-ին` ժամը 16։00-ի սահմաններում։
Իրար են բախվել Mercedes և Audi մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Audi-ի ուղևոր Դի Ռիզոն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը վթարի մասին հաղորդագրության մեջ տուժողի ինքնությունը չի հայտնել։ Միայն նշվում է, որ 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։