«Դիմադրություն» շարժման անդամները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր

Երթի մասնակիցները տարբեր գրություններով պաստառներ ու 44-օրյա պատերազմում զոհվածների նկարներ են պարզել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները և նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ նախագահականում լինելու է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»,- նշեց Մանուկյանը։

Երթի մասնակիցները ճանապարհին վանկարկում էին` «Տեր ենք մեր հայրենիքին» և տանում էին տարբեր գրություններով պաստառներ, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների նկարներ։
Հայտնել ենք, որ մայիսի 19-ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։
Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք է թողել հրավերը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։