ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Արցախյան 3 պատերազմների մասնակից Գեորգի Արեստակեսյանին, որը հայտնի է նաև Ժորա պապ անունով, մեղադրանք է առաջարվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Ժորա պապը մեղադրվում է «կարմիրբերետավոր» ոստիկաններից մեկի հանդեպ բռնություն գործադրելու համար։
«Նշվում է, որ բռնությունն իբրև թե կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել»,- նշել է փաստաբանը։
Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է այդ պահին տեղի ունեցածը։ Շխիմյանը նաև ընդգծել է, որ Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսել է դատաբժիշկը։
«Ժորա պապը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն մեղադրանք առաջադրվեց հենց իրեն»,- գրել է փաստաբանը։
Հայտնել ենք, որ Գեորգի Արեստակեսյանը, որը մայիսի 16-ին իր հեծանվով մասնակցում էր «Դիմադրություն» շարժման խաղաղ ավտոերթին, նույն օրը ձերբակալվել է։
Արիստակեսյանը ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ է, պահեստազորի ավագ լեյտենանտ։
Հիշեցնենք, որ Երևան մտնող հիմնական մայրուղիներից մայիսի 16-ին ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից շուրջ 90-ը ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանությունում էին։ Այդ օրը վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։