Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն մոտ 14 հազար ուսուցիչներ. Անդրեասյան

Հանդիպում ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով` փոփոխություններ են կատարվել ուսուցչի վերապատրաստման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ։ Նման հայտարարություն է արել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Փաստելով, որ նախարարությունը երաշխավորել է 48 վերապատրաստող կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց, նա նշել է, որ ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրելու նշված կազմակերպություններից և դասընթացներից որևէ մեկը:
«Անցյալ տարի պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել են շուրջ 6700 ուսուցիչներ, այս տարի նախատեսվում է ավելի քան 14 000 ուսուցիչների վերապատրաստում»,–ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ փոփոխություններ են կատարվել ուսուցչի վերապատրաստման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում:
«Փորձել ենք հնարավորինս կրճատել գործընթացի թղթաբանությունը: Մեր հանդիպման հիմնական նպատակը, փոփոխություններով պայմանավորված, աշխատանքային և կազմակերպական հարցերի քննարկումն է»,- նշել է Անդրեասյանը:
Հավելենք, որ ուսուցչի հերթական ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպության՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը որոշում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հերթական (պարտադիր) ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստումն օրենսդրական պահանջ է: