ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային
© Photo : Info Service Dept of the Mother See
Հանդիպման ընթացքում անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ վեհափառն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների, վերջինիս վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ։ Նա նշել է, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության հարցում անհրաժեշտ և կարևոր են նաև միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային
© Photo : Info Service Dept of the Mother See
Իր հերթին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան կարևորել է ջանքերի ներդրումը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:
Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի իշխանություններին արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Լիտվայի հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Վեհափառը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև շարունակում են ամրապնդվել բարեկամական կապերն ու փոխգործակցությունը։