Այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել. Փաշինյանը խոսել է խաղաղության օրակարգի մասին

Գիտանաս Նաուսեդան ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները` հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս համատեքստում նա կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարման գործողություններին:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը և այդ գործընթացում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր:
Լիտվայի նախագահը նշել է, որ խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, և Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից, ՀՀ-ն ի պատասխան 6 կետ է ներկայացրել։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, և հիմա էլ չի կարող։