ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Ալավերդի քաղաքում։ Այն տեղադրվել է տեղի հունական համայնքի միջոցներով և բացվել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը հույները նշում են մայիսի 19-ին։
Հուշաքարը կարմիր տուֆից է, մի երեսին հայկական խաչքար է, մյուսին` սպիտակ մարմարից պատրաստված հունական ոճով խաչ` տեղադրված կարմիր տուֆով հիմքի մեջ։ Հուշաքարը պատրաստել են հայ վարպետները։
«Հուշաքարը խորհրդանշում է մեր երկու ազգերի միևնույն ճակատագիրը և հազարավոր տարիների եղբայրությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ալավերդիի հունական համայնքի անդամ, «Հիպոկրատ» բժշկական հիմնադրամի ղեկավար Սիմոն Զախարովը։
Ալավերդիի հունական համայնքի անդամ Սիմոն Զախարովը նորաստեղծ խաչքարի մոտ
© Sputnik / Stringer
Հուշաքարի ներքև մասում գրություն կա ի հիշատակ Օսմանյան կայսրությունում հայերի և հույների ցեղասպանության. մի կողմից՝ հայերեն և անգլերեն, մյուս կողմից` հունարեն և ռուսերեն։
Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Սասուն Խաչատրյանը և քաղաքի բնակիչները։
Հարգանքի տուրքի մատուցումից հետո մատաղ բաժանվեց։ Հունական ուղղափառ եկեղեցում նման ավանդույթ չկա (դա հայկական և ասորական ավանդույթ է), սակայն տեղի հույները՝ պահպանելով սեփական մշակույթը, ընդօրինակել են նաև մի շարք հայկական ավանդույթներ։
Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Ալավերդի քաղաքում։
© Sputnik / Stringer
Հայաստանի հյուսիսում հույներն ապրում են ավելի քան 300 տարի։ Այստեղ նրանք դրել են արդյունաբերական, արդյունահանման և պղնձի ձուլման հիմքերը։ Հայաստան են նրանք եկել հունական Պոնտոսից (Սև ծովի ափերից), որտեղ արծաթ են արդյունահանել։ Այդ պատճառով այնտեղ հիմնադրված քաղաքն անվանել են Արգիրուպոլիս («Արծաթե քաղաք»)։ Ցարական ժամանակներում, երբ ֆրանսիացի արդյունաբերողները սկսեցին յուրացնել Հայաստանի հարավում գտնվող պղնձի հանքերը, նրանք առաջին հերթին հրավիրեցին հույն վարպետներին։
ԽՍՀՄ փլուզումից հետո նրանցից շատերը մեկնեցին Հունաստան, քանի որ արդյունաբերության փլուզումը զրկեց նրանց ապրուստի միջոցից։ Սակայն մինչ օրս փոքր հունական համայնքներ կան Լոռու մարզում (Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան), ինչպես նաև Հրազդանում և Երևանում։ Հույն ընտանիքներ են բնակվում նաև Հայաստանի մի շարք գյուղերում (Հանքավանում, Հրազդանից քիչ հեռու, ինչպես նաև Յաղդանում, Կողեսում և Մադանում, Ստեփանավանի և Ալավերդու շրջաններում)։
«Սովորաբար Հայաստանի հույները հիշատակի օրը հավաքվում են Ծիծեռնակաբերդում, բայց յոթ տարի առաջ որոշվեց հիշատակի միջոցառումներ անցկացնել նաև հունական համայնքներ ունեցող բնակավայրերում։ Հայերի պես մենք էլ հիշում և պահանջում ենք»,- հավելեց Զախարովը։
Ալավերդիի հունական համայնքի անդամ, «Հիպոկրատ» բժշկական հիմնադրամի ղեկավար Սիմոն Զախարովը
© Sputnik / Stringer
Հունական մեծ համայնքներ կան Ռուսաստանի հարավում (Ռոստովի մարզում, Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասերում, Ղրիմում), Ղազախստանում, ինչպես նաև Ուկրաինայում, այդ թվում` Օդեսայում, Մարիուպոլում և այլ քաղաքներում։
Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Հույներին սիստեմատիկորեն արտաքսում և ոչնչացնում էին 1913-1923 թվականներին, ինչը համընկել է Հայոց ցեղասպանության, ասորիների և եզդիների ցեղասպանությունների հետ։ Օսմանյան կայսրությունում XX դարի սկզբին շուրջ 2.5 մլն հույն է բնակվել Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում, Կենտրոնական Անատոլիայում։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։