Ընդդիմությունը շրջապատեց Երևանի այն հյուրանոցը, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը

Ընդդիմության երթը Երևանում
Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ ցանկանում էին հանդիպել Հայաստան ժամանած Լիտվայի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանում ցուցարարները շրջափակել են «The Alexander» հյուրանոցը, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երկօրյա այցով։
Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։
«Դիմադրության» շարժման համակիրները երթով շարժվեցին դեպի հյուրանոց, որից հետո համակարգող Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կարճատև կանգ առնել։
«Այս հյուրանոցում է կանգ առել Լիտվայի նախագահը։ Ի դեպ, տեղեկացանք, որ այսօր նրա ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք։ Բայց երեկ մենք նամակ ենք հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, չունի միջազգային գործընկերների հետ բանակցելու մանդատ, ուստի այն մարդը, ում հետ նա բանակցելու է, լեգիտիմ չէ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը Լիտվայի առաջնորդի հետ բանակցություններում, անշուշտ, կսկսի համոզել նրան, որ ընդամենը մի քանի հարյուր մարդ է դուրս եկել փողոց, բայց իշխանությունները հրաժարվում են բիրտ ուժ կիրառել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։