Ուկրաինական հարվածներից առնվազն մեկ մարդ է սպանվել ՌԴ Կուրսկի մարզում. կան վիրավորներ

Ավանում մի քանի տուն հրդեհվել է, կան տվյալներ չպայթած արկերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ուկրաինական հարվածներից առնվազն մեկ մարդ է սպանվել ՌԴ Կուրսկի մարզի Տեկտինո ավանում։ Այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարավոյտը։
«Թշնամու հերթական հարձակումը Տեկտինոյի վրա, որ տեղի է ունեցել լուսաբացին, ցավոք, ավարտվել է ողբերգությամբ։ Այս պահին հայտնի է առնվազն մեկ մահվան մասին քաղաքացիական բնակչության շրջանում։ Նախնական տվյալներով, մահացածը սպիրտի գործարան հումք բերող բեռնատարի վարորդն էր։ Հակառակորդը մի քանի հարված է հասցրել այդ օբյեկտին»,-գրել է Ստարավոյտը իր տելեգրամյան ալիքում։
Նա նշել է, որ կան նաև վիրավորներ, ում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Ավանում մի քանի տուն հրդեհվել է, կան տվյալներ չպայթած արկերի մասին։
«Տուժած բոլոր ընտանիքներին անհրաժեշտ օգնությունը կցուցաբերենք։ Հիմա գնում եմ այնտեղ»,-գրել է նահանգապետը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։