Թուրքիան ՆԱՏՕ-ին առաջարկել է փոխել դաշինքի հիմնական խնդիրը

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը
Պաշտոնական Անկարան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ պատրաստվում է «ոչ» ասել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն առաջարկել է փոխել Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական խնդիրը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն անվտանգություն ապահովող կազմակերպություն է։ Դաշինքի հիմնական խնդիրը պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը։ Եվ դուք (Ֆինլանդիան ու Շվեդիան) ուղիղ կապի մեջ եք այն կառույցների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրները ահաբեկչական են համարում», – ասել է Չելիքը։
Նշենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է։ Նա ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ «ոչ» է ասելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և շարունակելու է նույն գիծը։
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումները։
Միջազգային Financial Times պարբերականի տվյալներով՝ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն։