McDonald's-ը ՌԴ-ում իր բիզնեսը կվաճառի լիցենզիայի ներկայիս սեփականատեր Ալեքսանդր Գովորին

Պայմանագրի համաձայն` Գովորը ռեստորանները կառավարելու է նոր ապրանքանիշի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. McDonald's-ն իր ռուսական բիզնեսը կվաճառի լիցենզիայի ներկայիս սեփականատեր Ալեքսանդր Գովորին, որը ռեստորանները ղեկավարելու է նոր ապրանքանիշի ներքո։ Տեղեկությունը հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանյան շուկան լքելու մասին հայտարարությունից և ռուսական բիզնեսը վաճառելու գործընթացից հետո McDonald's ընկերությունը հայտարարեց, որ առքուվաճառքի պայմանագիր է կնքում լիցենզիայի ներկայիս իր սեփականատեր Ալեքսանդր Գովորի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նշել է, որ պայմանագրի համաձայն, Գովորը ռեստորանները կառավարելու է նոր ապրանքանիշի ներքո։

Գովորը «ԳիԴ» ընկերության սեփականատերն է։ Նա McDonald's-ի 25 ռեստորանների կառավարիչն է Սիբիրում` Նովոսիբիրսկում, Բերդսկում, Տոմսկում, Կեմերովոյում, Նովոկուզնեցկում, Բառնաուլում և Կրասնոյարսկում։