Իգոր Խաչատուրովի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Իգոր Խաչատուրովն ու Լևոն Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Խաչատուրովի պաշտպանական կողմն ավելի վաղ դատավորի ինքնաբացարկ էր պահանջել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի դատական գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ է հայտնել։
Նշենք, որ Խաչատուրովի պաշտպանական կողմը ավելի վաղ դատավորի ինքնաբացարկն էր պահանջել։
Պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Դավիթ Արղամանյանը բավարարել է ներկայացված միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել Իգոր Խաչատուրովի գործով։
Պաշտպանական կողմը կասկածներ ուներ դատավորի օբյեկտիվության վերաբերյալ. այն պայմաններում, երբ վերականգնվել է քրեական գործերի հաստատման համակարգչային համակարգը, գործը մակագրվել էր դատավոր Արղամանյանին ոչ ավտոմատ ձևով` ձեռքով։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: