ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի մասին հայտարարություններին։ Նրա պատասխանը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ճիշտ ժամանակին ստեղծել է խումբը և պատրաստ էր գործուղել պատվիրակությանը, մինչդեռ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման հարցով հանդիպումից։
«Ապրիլի 29-ին Հայաստանը չեղարկեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա հուսահատեցնող էր։ Է՛լ ավելի հուսալքող էր այն, որ Հայաստանը հրաժարվեց մայիսի 7-11-ը նոր հանդիպում անցկացնելու մեր առաջարկից։ Այդպիսով` մենք մինչ օրս սպասում ենք, որ Հայաստանը նոր ժամկետներ կհայտնի, որպեսզի սկսենք աշխատանքը»,- ասել է նա։
Հիշեցնենք` ապրիլին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կստեղծվի մինչև ամսվա վերջ։
Մայիսի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ երկու երկրների հանձնաժողովների առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 16-17-ին Մոսկվայում։
Մայիսի 18-ին նա հայտնեց, որ հանդիպումը չի կայացել, որովհետև տեխնիկական մանրամասներ կան, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: