ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը հունիսին կանցկացվի Երևանում. Վոլոդին

Պետդումայի ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակի և Բելառուսի Ազգային ժողովի պալատի ղեկավարի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Եվ հունիսի 20-ին (այդ օրը նույնպես երկուշաբթի է) մեզ մոտ կկայանա Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողովը»,-ասել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակն ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովին Մինսկ կուղարկվի բոլոր քաղաքական խմբակցությունների 24 պատգամավորներից բաղկացած մեծ պատվիրակություն:
Ինչպես հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը` մայիսի 19-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Քննարկվել են հունիսի 6-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նիստի օրակարգային հարցերը: