Հանուն քաղաքացիների. դատավորների աշխատավարձը 50-80%-ով կբարձրանա

Ըստ վարչապետի` այսկերպ ՀՀ-ում կլինի դատական այնպիսի համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին և ոչ թե ձեռքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահն ու դատավորները կստանան աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները (այդ թվում՝ դատարանի ու պալատի նախագահները)` 50 տոկոսի չափով:
Այսօր կառավարության նիստում օրենսդրական նման առաջարկ ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։
Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան
Նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախապես գիտի, թե այդ առաջարկներին ինչ կերպ է արձագանքելու հասարակությունը։

«Շատ մարդիկ ասելու են` այս ծանր իրավիճակում բռնում եք ու ՍԴ ու Վճռաբեկ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Ինչպես նախկինում այսօրինակ որոշումների քննարկման ժամանակ ասել եմ` մենք այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, որոնք առնչվում են այդ դատավորների հետ»,- ասաց Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ` այսկերպ ՀՀ-ում կլինի դատական այնպիսի համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին և ոչ թե ձեռքերին։
«Ինչո՞ւ միայն դատավորներինը». դատախազը դժգոհ է աշխատավարձերի բարձրացման մեխանիզմից
Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արդարադատության նախարարության առաջարկած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերին:
Օրինագծերն առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի դատին։