Հայաստանը բողոքի ակցիաների հարցով ՀԱՊԿ–ին չի դիմել. ԱԽ քարտուղարի պարզաբանումը

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ բողոքի ակցիաների հանգուցալուծումը լինելու է բացառապես ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունը , թե Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան` Ղազախստանի օրինակով ճնշելու ընդդիմության բողոքի ակցիաները։
«Բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք տեսնում ենք բացառապես ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,– ասաց նա։
Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ ակցիաների մասնակիցներն արդեն շուրջ 1 ամիս իրացնում են խաղաղ հավաքների իրենց իրավունքը, իսկ ցույցերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Նա նաև տեսակետ հայտնեց, որ բողոքի ակցիաները չեն ստացել հանրության լայն աջակցությունը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։