Երթը կանգ առավ ՊԵԿ շենքի դիմաց. Սաղաթելյանը դիմեց Բադասյանին

Սաղաթելյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում ընդդիմադիր շարժմանն աջակցող գործարարների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթի մասնակիցները Երևանի Խորենացի փողոցում կանգ առան ՀՀ ՊԵԿ շենքի դիմաց։ Երթն առաջնորդող ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով դիմեց կառույցի ղեկավարությանն ու մասնավորապես` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
«Մնացե՛ք ձեր լիազորությունների շրջանակներում ու այլևս չփորձեք գնահատականներ տալ այս շարժմանն ու շարժման մասնակիցներին։ Մենք գիտենք` որտեղ ես դաստիարակություն ստացել, ինչ արժեքներով ես ապրում, բայց ՊԵԿ-ը տարիներ շարունակ ծառայել է մեր պետությանը և երբեք չի ծառայի որևէ անձի»,- ասաց նա։

Սաղաթելյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում ընդդիմադիր շարժմանն աջակցող գործարարների նկատմամբ ու կոչ արեց դադարեցնել դրանք` հավելելով, որ բոլոր ճնշումները հատ առ հատ ֆիքսվում են ու անպատասխան չեն մնալու։

Հիշեցնենք` նախօրեին լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը ասել էր, որ իշխանափոխության պահանջին հանրության աջակցության ոչ մի նշան չի տեսնում։ Ըստ նրա` ցույցերին ընդդիմության հայտարարած քանակի՝ 50 000 մարդ, չի մասնակցում։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Այսօր երթերը մեկնարկել են Գարեգին Նժդեհի հրապարակում, Արաբկիրում` Կոմիտասի եկեղեցու մոտ, Ավանում` «Հարսնաքար» համալիրի մոտ, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, նաև Աջափնյակ վարչական շրջանում ու Նոր Նորքի 2-րդ զանգվածում։