ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանի որոշ թաղամասերում` «Դիմադրություն» շարժման նախապես հայտարարած վայրերում այսօր առավոտից մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։
Գարեգին Նժդեհի հրապարակից ներկա պահին մեկնարկել է երթը Բագրատունյաց փողոցով։ Կոմիտասի պողոտայում ևս երթ է իրականացվում։
Սասունցի Դավթի հրապարակից երթը շարժվում է դեպի Տիգրան Մեծ պողոտա։
Մայիսի 18-ի երեկոյան հանրահավաքի ավարտին, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց հաջորդ օրը նախանշված ակցիաների կոնկրետ հասցեները։
Ըստ այդմ, Շենգավիթում քաղաքացիներն իրենց բողոքի ցույցերն այսօր սկսել են Գարեգին Նժդեհի հրապարակից, Արաբկիրում` Կոմիտասի եկեղեցու մոտ, Ավանում` «Հարսնաքար» համալիրի մոտ, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց։ Աջափնյակ վարչական շրջանում հասցեները երկուսը կլինեն` 15-րդ թաղամաս` Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգի և Լենինգրադյան փողոց, Նոր Նորքի 2-րդ զանգված՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ։
Ներկա պահին ցուցարարները փակել են «Հանրապետական» հիվանդանոցին հարակից Մարգարյան փողոցն ու Մաշտոցի պողոտան։