Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ այլ հարցերի հետ հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է թուրքական Hürriyet թերթը` այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Չավուշօղլուն։

«Քննարկել ենք Ուկրաինայում իրավիճակը, Հայաստանի հետ կարգավորումը, Սիրիայում և այլ տարածաշրջաններում խնդիրները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Բացի այդ, քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների օրակարգում եղած թեմաները, այդ թվում՝ պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի և սննդի անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։
Էրդողանի գլխավոր լոբբիստը հայոց Ցեղասպանության ժխտման հարցում․ ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Թուրք նախարարը նաև անդրադարձել է վերջին օրերին երկկողմ օրակարգի ակտիվ քննարկվող թեմաներին. Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ բանակցություններն F-16-երի հարցով դրական են անցել, իսկ սկանդինավյան երկու երկրների անդամակցության մասին Չավուշօղլուն նշել է, որ իրենց պահանջները պետք է կատարվեն, քանի որ դա անվտանգության խնդիր է։

«Շվեդիան նույնիսկ զենք է մատակարարում (քրդական կազմակերպություններին - խմբ․)։ Դրանցով մեր զինվորներն ու քաղաքացիականներն են սպանվում։ Սա անվտանգության հարց է, իսկ ՆԱՏՕ-ն անվտանգությանը վերաբերվող դաշինք է»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներում բանակցություն չկա, միայն ուղերձներ են․ թուրքագետ
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել։