Ավտոմեքենան վթարի է ենթարկվել «թույն խմած» երիտասարդին հիվանդանոց տանելու ճանապարհին

Կայքի տեղեկություններով, վթարի ենթարկված ավտոմեքենայում ընտանիքի անդամներ են եղել, որոնք 32-ամյա Հ. Գ-ին տեղափոխում էին հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այս գիշեր՝ ժամը 03։30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, Սարդարապատ գյուղի մոտ Opel Astra մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի 55-ամյա վարորդը և 71 ու 24 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով, վթարի ենթարկված ավտոմեքենայում ընտանիքի անդամներ են եղել, որոնք 32-ամյա Հ. Գ-ին տեղափոխում էին հիվանդանոց։

Նախնական տեղեկությունների համաձայն, երիտասարդ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ է խմել, և ընտանիքը շտապել է նրան հիվանդանոց հասցնել։ Վարորդը, սակայն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և մեքենան բախվել է ծառին։
Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։