ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ևս 100 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Նոր փաթեթի շրջանակում ԱՄՆ-ի իշխանությունը Կիևին կփոխանցի հակատանկային հրետանային մարտկոցների ռադարներ և լրացուցիչ ծանր զինամթերքներ: Տեղեկությունը Reuters գործակալությանը հայտնել են Բայդենի վարչակազմի անանուն երկու աղբյուրները։
Ավելի վաղ Կենտուկիի սենատոր Ռենդ Փոլն ասել էր, որ Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ-ի բազմամիլիարդանոց ծախսերը սպառնում են երկրի անվտանգությանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսությունն առանց այդ էլ լավ վիճակում չէ։ Ռենդ Փոլը հիշեցրել է, որ ավելի վաղ ամերիկյան իշխանություն արդեն մոտ 5 տրիլիոն դոլար ծախսել էր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Մայիսի 9-ին Բայդենը օրենք է ստորագրել լենդ-լիզի ծրագրի շրջանակում Ուկրաինային զենք մատակարարելու մասին: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հիշեցրել է, որ լենդ-լիզը թանկ ապրանքային վարկ է: Նա հասկանալի է համարել Վաշինգտոնի դրդապատճառները, որոնց հիման վրա որոշում է կայացվել Ուկրաինային վարկ տրամադրելու մասին՝ լենդ-լիզը մի քանի անգամ կավելացնի ԱՄՆ-ի ռազմական կորպորացիաների շահույթը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։