Ամենաբարդ իրավիճակում հայտնվեցի Արցախի մուտքի մոտ. բացառիկ հարցազրույց ՀՀ ՄԻՊ–ի հետ

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը խոսել է ամենաակտուալ և զգայուն թեմաներից, պատմել պաշտոնը ստանձնելուց հետո ստեղծված ամենաբարդ իրավիճակի մասին, նաև պարզաբանել, թե արդյոք իրեն համարում է վարչապետի թիմի անդամ։ Զրուցել է Նանա Մարտիրոսյանը։
Sputnik
- 2 շաբաթից ավել է` Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ են անցկացվում։ Ոստիկանությունն այս ընթացքում բերման է ենթարկել մեծ թվով քաղաքացիների։ Ձեր գրասենյակի աշխատակիցները հասցրե՞լ են այցելել բոլոր բերման ենթարկվածներին։
–Մայիսի մեկից շատ ինտենսիվ` 24/7 ռեժիմով հետևում ենք պրոցեսներին։ Մեր արագ արձագանքման խմբերը մեկնում են ոստիկանության բաժիններ, որտեղ մարդկանց բերման են ենթարկում։ Ընդ որում` լինում ենք ոչ միայն Երևանի բաժիններում, այլև մարզերում։ Մենք օրական 200-ից ավելի անձանց կարողացել ենք աջակցություն ու խորհրդատվություն տրամադրել, երաշխավորել իրավունքների պաշտպանությունը։ Ունենք նաև թեժ գիծ, որի միջոցով ստանում ենք կոնկրետ ահազանգեր տարբեր խնդիրների մասին։ Զուգահեռ մամուլի ու սոցիալական հարթակների մոնիթորինգ ենք անցկացնում։ Շատ դեպքերում, բացի իրավիճակի մասին ինֆորմացիայից, նաև տոնայնության, բռնության կոչերի, բռնության ամպլիտուդի բարձրացման–իջեցման մասին բավական օգտակար ինֆորմացիա ենք վերցնում։
- Բերման ենթարկվածներին մարզային բաժիններ տանելը շատ է քննարկվում։ Դա նորմալ պրակտիկա՞ է, թե՞ արտասովոր երևույթ։
–Արտասովոր ոչինչ չկա։ Կարևորը, որ անձանց բերման ենթարկելիս ոստիկանության տվյալ բաժանմունքում բավարար պայմաններ լինեն նրանց իրավունքները երաշխավորելու համար։ Եվ անձի իրավունքների տեսանկյունից ցանկալի ու լավ է նրան բերման ենթարկել մի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները պատշաճ ձևով կկարողանան բոլորի իրավունքները ներկայացնել, արձանագրումները և ձևակերպումները պատշաճ կազմակերպել քանի որ կան հստակ ժամկետներ։ Այս առումով որևէ արտասովոր բան չկա։
- Սոցիալական կայքերում շատ են բողոքները ոստիկանների կողմից ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնության մասին։ Ձեր գրասենյակի արագ արձագանքման խմբերն ի՞նչ բողոքներ են ֆիքսել։
–Այո՛, եղել են դեպքեր, երբ բերման ենթարկելիս ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ։ Ունենք արձանագրված դեպքեր, երբ մարդկանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Կան քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցների կամ գույքի` հագուստի, ակնոցի վնասման դեպքեր։
Միևնույն ժամանակ արձանագրել ենք նաև ոստիկանության տրանսպորտային միջոցների կանխամտածված վնասման բազմաթիվ դեպքեր ակցիաների մասնակիցների կողմից։ Ունենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողներին հայհոյել են, սադրել, նրանց նվաստացնող վարքագիծ դրսևորել։ Եղել են նաև բռնության կիրառման և սպառնալիքների դեպքեր։
– Կարծես թե պարզ է, որ ցուցարարների արարքները իրավական գնահատականի կարժանանան։ Դուք հետամուտ լինելո՞ւ եք, որ պատժվեն նաև այն ոստիկանները, որոնք ծառայողական պարտականությունները կատարել են օրենքի խախտումով։
–Բացի այն, որ մենք արձանագրում ենք խնդիրները, նաև ունենք օրենքով լիազորություններ։ Բնականաբար ուղարկում ենք բոլոր հարցումները, պարզաբանումները, առաջարկությունները ոստիկանություն, որ ոստիկանության ծառայողների կողմից տարբեր բնույթի իրավախախտումները ստանան իրավական գնահատականներ։ Մինչ այս պահը ստացել եմ տարբեր նամակներիս պատասխաններ, որտեղ մեր ուղարկած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթներ են իրականացվել։ Կար նաև հարուցված քրեական գործ, նյութեր էին նախապատրաստվում ոստիկանության մեկ ծառայողի մասով։ Դա վերաբերում էր բերման ենթարկելիս անձի գլխին ոստիկանի հարվածելու դեպքին։ Բնականաբար հետամուտ ենք լինելու, որ այս տեսակ դեպքերը իրավական գնահատականի արժանան։
- Ի՞նչ տեսակ խախտումներն եք ամենաշատն արձանագրել այս օրերին։
–Դեռևս առավել հաճախ է հանդիպում բերման ենթարկման հիմքը հստակ ներկայացնելու խնդիրը։ Չնայած` որոշակիորեն կա վարքագծի փոփոխություն, և ոստիկանությունն արդեն հայտնում է խախտումը, ժամանակ է տալիս այն վերացնելու համար։ Նաև ունեցել ենք դեպքեր, երբ բաժնում անձին երեք ժամից ավել են պահել։ Ամենամտահոգիչն ինձ համար մամուլի ու սոցցանցերի ծայրահեղ բևեռացված խոսույթն է։ Օնլայն հեռարձակումների տակ ծավալվող խոսակցությունները չհեռացնելը կոնկրետ հետևանք ունի։ Մենք տեսանք, որ բռնությունները հաջորդեցին նրան, երբ հավաքների մասնակիցները կոնկրետ դեպքերին գնահատական չտվեցին։ Օրինակ Գյումրու դեպքը ծայրահեղ դատապարտելի է, բայց երբ մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնել պապիկների վարքագիծը, դատապարտումը փոշիանում է։ Իհարկե, քրեական գործի շրջանակներում պետք է բացահայտվի ամբողջ եղելությունը, բայց որևէ ձևով քաղաքական պատասխանատու գործչի կողմից հիմնավորել բռնությունը ձվերով հարվածով կամ հայհոյանքով` հիմնավորված չէ։
Մենք օրենքի երկիր ենք, ու օրենքի առաջ բոլորը պետք է պատասխանատվություն կրեն։ Շատ կարևոր է, որ հավաքի դերակատարները ու նաև իշխանության ներկայացուցիչները այս ուղերձները շարունակեն տալ ու կոնկրետ լինեն իրենց արձագանքների մեջ։
- Ընդդիմությունը կիրառում է գրեթե նույն միջոցները, որոնք կիրառվում էին 2018 թվականին։ Ինչո՞ւ առաջ կարելի էր, իսկ հիմա` ոչ։
–Ես կդժվարանամ 2018 իրավիճակը նույն խորությամբ գնահատելու կամ համեմատելու։ Սակայն խաղաղ հավաքը` անկախ դրա ժամանակից և նախադեպերից, ժողովրդավարական գործընթաց է։ Նրա բոլոր մասնակիցները և հատկապես ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցիչները, բայց նաև հավաքի քաղաքական ղեկավարները և կազմակերպիչները կրում են պարտականություններ ու ունեն իրենց դերը։
Որևէ մեկը չի ասել, որ ժողովրդավարական գործընթացներում չպետք է լինեն զարգացումներ։ Մենք պետք է ձգտենք շատ ավելի ժողովրդավար միջոցներով մեր կարծիքը արտահայտելու, ավելի պակաս դժվարություն ու անհարմարություն պատճառելու համաքաղաքացիներին։ Չպետք է մարդկանց թիրախավորենք, երբ նրանք չեն կիսում մեր դիրքորոշումները, և հստակ դատապարտեք ագրեսիայի դեպքերը։
- Այս օրերին զոհված զինծառայողների ծնողները նույնպես դժգոհություններ են հայտնում, տարբեր պետհաստատություններում են եղել։ Ձեզ հետ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ։ Եվ ինչպե՞ս եք գնահատում իրավապահ մարմինների վերաբերմունքը նրանց նկատմամբ։
–Հենց այս դրվագով հանդիպում չեմ ունեցել նրանց հետ, բայց գիտեմ, որ քրեական գործ է քննվում։ Մամուլի հաղորդագրությունների մակարդակով գիտեմ, որ անձինք որոշակիորեն անբավարարվածություն ունեն գործը քննելու հոդվածով կամ միջնորդությունները քննելու առումով։ Տեսել եմ, որ ունեն փաստաբաններ և իրենց շահերը ներկայացնում են։ Պետք է հաշվի առնենք գործի զգայունությունը, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ իրավական գործընթացներում չեն կարող լինել երկակի ստանդարտներ։ Դա ամենավտանգավոր բանն է։
Գործի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող դատողություններ անել։ Բայց առերևույթ տեսնում եմ ջանք, որ, օրինակ, ակցիայի հայհոյող մասնակցին ասում են, թե վաստակաշատ ուսուցիչ է։ Դա լավ ձև չէ։ Իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու գործի ընթացքը, բնականաբար այն սահմանափակումներով, որոնք կան մանդատի ու գործի քննության տեսանկյունից։ Կարծում եմ` հանդիպման հնարավորություն կունենանք, բայց կոչ եմ անում սպասել իրավական գնահատականի։
Հասկանում եմ հոգեվիճակը, որովհետև այս օրերին հանդիպում եմ զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների հետ։ Այնքան բազմաշերտ է այս իրավիճակը, և շատ դեպքերում այս ակցիաների տրամաբանության մեջ չարժե դա հրահրել։ Մարդիկ իսկապես շատ դժվար ապրումների մեջ են։
Զինդատախազությունում խաբել են զոհվածների ծնողներին, քննիչներն էլ հայհոյանքներ են տվել
- Անդրադառնանք մեկ այլ զգայուն թեմայի` Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելուն։ Դուք նշել էիք, որ վարչապետը տեղյակ չի եղել վրաերթի մասին, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը նշել էր, որ Փաշինյանն է հրահանգել շտապօգնություն կանչել: Ո՞րն է իրականությունը։
–Իրականում ես հենց այդպես եմ ասել ու ճիշտ եմ ասել։ Վարչապետը տեղյակ չի եղել, որ իր ավտոշարասյան առաջին տրանսպորտային միջոցն է կնոջը վրաերթի ենթարկել։ Տարոն Չախոյանը նկարագրել էր, որ երբ վարչապետի տրանսպորտային միջոցը հասել է այդ վայրին, որտեղ տեսել է կնոջն ընկած, ինքն էր հրահանգել շտապօգնություն կանչել։ Սա որևէ կերպով չի հակասում իրար։ Վստահ եմ, որ տեսել եք ավտոշարասյան երկարությունը և առաջին տրանսպորտային միջոցի ու վարչապետի մեքենայի հեռավորությունը։ Բնականաբար, հակասող բաներ չկան։
Քրեական գործ է ընթանում, տեսա, որ փաստաբանը արձագանքել էր այդ մասով։ Ես ոչ մեկի զգացմունքները որևէ ձևով չեմ ուզում վիրավորել, բայց չեմ էլ ուզում ծայրահեղությունների մեջ ընկնել։ Կա՞ նման մարդ մեր պատկերացմամբ (վերանանք անձերից), երբ որ գիտի, որ իր մեքենան վրաերթի է ենթարկել, չկանգնի ու չիջնի։ Ես քննադատել եմ առաջին տրանսպորտային միջոցի չկանգնելը և վթարի վայրը լքելը։ Սա հստակ է, բայց պետք է հասկանանք, որ ծայրահեղության մեջ ընկնել էլ չարժե։
- Ձեզ քննադատողները պնդում են, որ կաշկանդված եք, քանի որ առաջադրվել ու ընտրվել եք «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։ Ի՞նչ կասեք այս մասով։
–Վերնագրերի համար լավ է հնչում` կաշկանդված լինել կուսակցական գործունեությամբ։ Բայց ես երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ, թեպետ հանրային ոլորտում 15 տարուց ավել է, որ աշխատում եմ։ Կաշկանդվածությունը մանդատի իրականացման ընթացքում կարող է ռիսկ ունենալ ոչ անկախ չլինելու մասով։ Ինձ առաջարկություն ներկայացնելիս որևէ պայման չի դրվել, ու դա է եղել նաև այն շարժառիթը, որ ես համաձայնել եմ։ Հիմա էլ չկա որևէ կաշկանդվածություն։ Ես, ամբողջությամբ գիտակցելով մանդատի կարևորությունը և նրա էֆեկտիվությունը, պայմանավորելով հեղինակության ու օբյեկտիվության հետ, որևէ ձևով ինքս ինձ չեմ կարող վնասել։
– Զանգեր ստացե՞լ եք Ձեր բարձրաձայնած հարցերի ու թեմաների շուրջ։
–Ոչ։
– Իսկ Փաշինյանի թիմի անդամ համարո՞ւմ եք Ձեզ։
Ես ինձ համարում եմ մարդ, որն ընդունել է կառավարության մաս դառնալու առաջարկ, որը մեծ ջանասիրությամբ ու նվիրումով աշխատել է, որը որոշակի փոփոխությունների մասնակից է ու հպարտ է դրանցով։ Բնական է, որ եթե որևէ ձևով չես կիսում կառավարության մոտեցումներն ու սկզբունքները, տրամաբանական չէ, որ կհամաձայնես աշխատել քաղաքական պատասխանատու պաշտոնում։ Բայց այն պահից սկսած, երբ ես երդմամբ ստանձնել եմ պաշտոնը (իսկ ես շատ լուրջ եմ վերաբերում երդմանը), ստանձնել եմ մեծ պատասխանատվություն և ինձ ազատել եմ բոլոր տեսակի նախընտրություններից ու սիմպատիաներից։ Իմ գործի արժեքը և մանդատը օբյեկտիվությունն է, փաստերի վրա հենված լինելն է և արժանահավատությունը։
– Ո՞րն է եղել ամենաբարդ իրավիճակը, որին բախվել եք պաշտոնը ստանձնելուց հետո։
Երևի թե Արցախ գնալիս, երբ ինձ ընդհատեցին և ասացին, որ չեմ կարող մուտք գործել։ Դա շատ դժվար պահ էր, բայց շատ արագ լուծվեց։ Դա ինձ մտածելու տեղիք է տվել։ Այդ ժամանակ հասկացել եմ, որ մարդկային իմաստով այս մանդատի իրականացման համար կարող են լինել այդպիսի ռիսկեր և վտանգներ։
– Չէիք կարող մուտք գործել, որովհետև համաձայնեցված չէ՞ր այցը, թե՞ այլ խնդիր էր։
–Հիմնականում ադրբեջանական կողմի սադրանք էր դա։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է նաև այլ կարևոր հարցերի, այդ թվում` Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին, գերիների խնդրին։ Առավել մանրամասն` տեսանյութում։