«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը` բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Ոստիկանները ուժ են կիրառել նաև մի շարք պատգամավորների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Արդեն մի քանի հարյուր մարդ է բերման ենթարկվել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի, անհամաչափ ուժ է կիրառում այդ թվում պատգամավորների նկատմամբ, կան արձանագրված փաստեր։ Քիչ առաջ նաև Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել»,- նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ չնայած ոստիկանության գործողություններին, «Դիմադրություն» շարժումը կանգ չի առնելու։
«Բաժիններում արդեն տեղ չկա մեր հայրենակիցներին տեղավորելու համար, ամբողջ քաղաքում ոստիկանական ազդանշաններ են ու դրան զուգահեռ՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «առանց Նիկոլ Հայաստան»։ Սա է իրականությունը, և որքան փորձեն կոծկել կամ բռնի ուժով ճնշել պայքարը, չի ստացվելու»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Ընդդիմադիրների տեղեկություններով՝ երեկ ոստիկանության ծառայողներին պարգևավճարներ են բաժանել։ Սաղաթելյանը նախազգուշացրեց ապօրինություններ թույլ տվող ոստիկաններին՝ «բոլորդ հատ-հատ պատասխան եք տալու»։

«Դուք այլևս օրենքի և օրինականության հետ որևէ կապ և առնչություն չունեք, դուք ընդամենը մեկ խելագարի ապօրինի հրամաններն ու որոշումները կատարող գործիք եք։ Եվ այն երաշխիքները, որ պարգևավճարի հետ Նիկոլը ձեզ տվել է՝ թե «ինչ ուզում եք՝ արե՛ք, պատասխան չեք տալու», ես ձեզ ասում եմ՝ պատասխա՛ն եք տալու»,-ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին դուրս գալ փողոց, միանալ ակցիայի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են գնալ նաև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ձևավորվում են տարբեր խմբեր՝ պայքարը շարունակելու համար։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։