Ոստիկանները բերման ենթարկեցին Էդուարդ Շարմազանովին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Բողոքի ակցիաների շուրջ 20 օրերի ընթացքում Էդուարդ Շարմազանովն առաջին անգամ է բերման ենթարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին։ Նրա գլխավորությամբ մի քանի տասնյակ ցուցարարներ անհնազանդության ակցիա էին իրականացնում Երևանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի մոտ։
Ոստիկանները պահանջեցին ցուցարարներից հեռանալ խաչմերուկի երթևեկելի մասից։ Ցուցարարները մի քանի րոպե խնդրեցին անհնազանդության ակցիան իրականացնելու համար՝ խոստանալով դրանից հետո բացել փողոցը։ Դրան ի պատասխան ոստիկանները սկսեցին ցրել ակցիան՝ բերման ենթարկելով բազմաթիվ քաղաքացիների։
«Արա՛գ, բոլորին տարեք ավտոբուս»,- հրահանգեց ոստիկաններից մեկը, ինչից հետո ոստիկանության ծառայողները սկսեցին մարդկանց տանել նաև գրկած վիճակում։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։