Ոստիկաններն անչափահասների են ծեծել. ի՞նչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ-ը

Ոստիկաններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է արագ արձագանքման խմբերի այցերի և մշտադիտարկումների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը Երևանում այցելել են ոստիկանության 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի ոստիկանության բաժիններ և մի շարք խախտումներ արձանագրել։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
«Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, ոստիկանության ծառայողները փորձել են նրան նստեցնել ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում` դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Դեպքի առնչությամբ պաշտպանը կապ է հաստատել ոստիկանության ղեկավարության հետ, նրան հավաստիացրել են, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են՝ պատշաճ գնահատական տալու համար։

«Բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների ընթացքում քաղաքացիները նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում` որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։ Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով»,- տեղեկացնում է ՄԻՊ-ը։

Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ գործելակերպի այլ դրսևորումներ։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։